Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մեր սգի ու խեղճության շաբաթը

Մեր սգի ու խեղճության շաբաթը
18.01.2015 | 18:35

Նոր տարվա առաջին աշխատանքային շաբաթը մեկնարկեց Գյումրուց սկսված բոթով: Սկզբում անասելի ցնցման մեջ էինք ու անապրելի ցավ էինք զգում կատարվածից. հաշված րոպեների ընթացքում սպանվել էր մի ամբողջ ընտանիք: Մինչև հանցագործի հայտնաբերումն ու ձերբակալումը՝ մարդկային ցավին գումարվել էր նաև հասարակության խուճապը, որովհետև ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ ազատության մեջ գտնվող ստահակը չի կարող մի նոր զարհուրելի հանցագործություն, քստմնելի արարք կատարել: Պերմյակովի ձերբակալությունից հետո հրատապ դարձան նրա որտեղ գտնվելու, իրավազորության, քննության օրինականության ու թափանցիկության հարցերը: Ողբերգության առաջին րոպեներին, նույնիսկ ժամերին, որևէ մեկը չէր կարող ենթադրել, թե այս սպանդը դառնալու է լակմուսի թուղթ, որը բացահայտելու է հայ-ռուսական այսօրվա հարաբերությունների թշվառությունը, մեր խեղճությունն ու անզորությունը: Ռուսները չեն ցանկանում հանցագործության, Հայաստանի քաղաքացիների սպանության մեջ մեղադրվողին հանձնել Հայաստանի իրավազորությանը: Սա ակնհայտ է ու կապ չունի որևէ իրավական հիմնավորման, Սահմանադրության ու օրենքի, քննության օրինականության ու արդարադատություն կոչվածի հետ: Ռուսներն այդպես են որոշել. սա քաղաքական որոշում է, որը, դատելով մեր իշխանավորների արձագանքից, մերոնց սրտով չէ, սակայն Հայաստանի իշխանությունները փորձում են համակերպվել իրավիճակի հետ անզորությունից ու խեղճությունից դրդված: Այս վիճակը Գյումրու անմեղ ընտանիքի սպանությունից հետո չառաջացավ, այդ սպանությունը միայն բացահայտեց իրականությունը, այն տեսանելի դարձրեց ոչ միայն սահմանափակ թվով մարդկանց, այլև ամբողջ հասարակության համար: Բոլորս ստացանք մեր բաժին ապտակը, բոլորիս ճակատին դրոշմվեց խեղճի ու անզորի պիտակը, բոլորս նվաստացման մեր գինն ենք վճարում՝ տարիներ շարունակ մեր ինքնիշխանությունն ուրանալու, մեր իշխանության անատամությունը հանդուրժելու, անպատասխանատու միասնությամբ եվրասիականացվելու համար: Ռուսական կողմը տեղի չտվեց անգամ այն բանից հետո, երբ Գյումրիում տեղի ունեցան աննախադեպ հուզումներ, երբ Երևանի ու Գյումրվա փողոցներում գետնին տապալվեց ռուսական դրոշը, երբ բոլորը սկսեցին անիծել «էն օրհնված սհաթը»: Ռուսները Պերմյակովին չեն հանձնելու ու վերջ: Պատճառը չգիտեմ ու չեմ էլ իմանա, եթե կուզեք՝ նաև թքած ունեմ ընթացիկ պատճառի վրա, որովհետև մի բան կհորինվի, հորինվածքից դուրս մի իրական բան էլ մենք կիմանանք: Գլոբալ պատճառն այն է, որ կայսրություններն այսպես են վարվում իրենց ենթակա տարածքների, հպատակների հետ: Ծայրամասին արվող յուրաքանչյուր զիջում գնահատվելու է նույն Հայաստանի ինքնիշխանությունն ընդունելու, ճանաչելու համատեքստում: Մոսկվայում դա չեն անի՝ ինչպես չեն արել սրանից առաջ եղած կայսրությունների մայրաքաղաքներում: Կայսրությունների համար առաջնայինն իրենց հզորության ցուցադրությունն է, նրանք թքած ունեն մարդկային ճակատագրերի, ցավի, ողբերգության, ճշմարտության ու արդարության վրա: Գուցե ասվածս հիմա չհասկացվի, սխալ ընկալվի, բայց հաստատ ռացիոնալ է ու իրավիճակից բխող: Մենք այսօր թույլ ենք, չունենք այն «երկաթե շերեփը», որի մասին ցավով ասում էր Խրիմյան Հայրիկը, մենք պիտի աղերսենք, մեզ ծաղրեն: Թող իրենց պահեն սեփական ոճրագործին, նրանով հպարտանան կամ նրան կախեն, պարզեն ճշմարտությունը կամ մեղանչեն դրա դեմ: Եթե Պերմյակովը չի հանձնվում Հայաստանի իրավազորությանը, մեր իրավապահ, արդարադատության համակարգերը չպետք է կիսատ-պռատ մասնակցեն էդ ֆարսին՝ դրան օրինականություն ու լեգիտիմություն հաղորդելով: Պերմյակովին ստանալու ռեսուրս, ուժ չունենք, ուկրաինական սցենարը կործանարար կլինի մեզ համար, որովհետև օգնության շտապող նավերը չեն հասնելու «մեր լեռները»: Իրենք, իրենց խիղճն ու իրենց ոճրագործը: Իսկ մենք աղոթենք մեր անմեղ հոգիների հանգստության համար ու նրանց հիշատակի առաջ պարտավորվենք կառուցել այնպիսի երկիր, որը ոչ թե կայրսրության տարածք է, այլ նրա ինքնիշխան, հպարտ ու արժանապատիվ Հայաստան: Այդժամ գուցե հասկանանք, որ Ավետիսյանների անմեղ ընտանիքը նահատակվեց անկախության ու արժանապատվության խորհրդին մեզ հասու դարձնելու համար:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 20649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ